Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Արվեստագետ

Ղարիբ Եղիազարյան

Ղարիբ Եղիազարյան

Դեպի ստեղծագործական նոր հորիզոններ: Յուրաքանչյուր արվեստագետի ստեղծագործության մեջ արտացոլում է նրա ազգային մտածողությունը, ներաշխարհը, ճաշակը, բնությունից շնորհված գունազգացողությունը:

 

Այս տարրերի համադրությունն էլ որոշում է արվեստագետի դիմագիծը, նրա ինքնատիպությունն ու անհատականությունը: ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, նկարիչ Ղարիբ Եղիազարյանի արվեստն աչքի է ընկնում ժանրերի բազմազանությամբ, թեմաների ինքնատիպությամբ, կատարման վարպետությամբ: Դիմանկար, բնանկար, կոլլաժ, կոմպոզիցիոն գրաֆիկական աշխատանքներ` կատարած յուղաներկով, տեմպերայով, ջրաներկով և ակրիլով: Հենց այսպես` բազմազան ու բազմաժանր էր ներկայացել իր արվեստի երկրպագուներին Ղարիբ Եղիազարյանը օրերս Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում բացված անհատական ցուցահանդեսում:


Ղարիբ Եղիազարյանի ստեղծագործության մեջ հատկապես առանձնանում են հայրենի բնաշխարհին նվիրված աշխատանքները, որոնք նկարչի մեծ սիրո արտահայթյունն են իր հայրենիքի նկատմամբ:


Նկարչի վրձինի տակ հայրենի Արմավիրի շրջանի Շենավան գյուղը կենդանություն է ստանում իր կիզիչ արևով, արևից շիկացաց քարերով, կավածեփ հացատնով, բակում ճյուղատարած խնձորենիով: Այստեղ ամեն ինչ հագեցած է գույնով և ջերմությամբ: Մանկության վերհուշը վառվռուն գույներով հեքիաթ է, կախարդական մի աշխարհ, որը վրձնելիս նկարիչն օգտագործում է իր ներկապանակի ամենավառ ու մաքուր երանգները:  «Հացատուն», «Հին տներ», «Թաղծոտ օր», «Մենավոր տնակ» կտավները ստեղծված են արվեստագետին հատուկ սուր դիտողունակությամբ, գույնի և գծի ներդաշնակ միասնությամբ:


Ղարիբ Եղիազարյան. ՀացատունՂարիբ Եղիազարյան.Մենավոր տնակ

 

Հեքիաթների շարքում, որը նկարիչը ստեղծել է պոանտելիստական տեխնիկայով, միաձուլվում է իրականի և երևակայականի սահմանը: Ղարիբ Եղիազարյանը ինքնատիպ ոճով, համարձակ գեղարվեստական երևակայությամբ սահեցնում է վրձինը` պատկերելով հայրենի լեռները` մխրճված ճերմակ ամպերի մեջ, վեհ ու սլացիկ բարդիներով: Թեմատիկ բնապատկերներում մեր հնամենի եկեղեցիներն են, որոնք գերիշխող  դեր ենկատարում ամբողջ կոմպոզիցիայում:


Արվեստագետի հոգուն միտք ու սլացիկ են տվել մեր ազգի մեծերը` Մեսրոպ Մաշտեց, Գրիգոր Լուսավորիչ, Թորոս Ռուսլին, Սաչգիս Պիծակ, Գրիգոր Նարեկացի: Կերտելով նրանց կերպարները` 15 տարի անընդմեջ նկարիչը աշխատել է մեր մեծերի իմաստուն հայացքի ու նրանց օրհնության ներքո: 12 թերթից բաղկացած«Մեր մեծերը» գրաֆիկական նկարաշարը նրա երկար տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքն է: Նկարչի տարերքը ջրաներկ բնապատկերներն են: Ջրերի հիասքանչ արտացոլանքը մեղմ անցումներով, մերթ դառնում են թափանցիկ երկինք, մերթ` ոսկեհանդերձ աշուն, որը նկարներին հաղորդում է հուզական հնչեղություն: Նրա ջրաներկ աշխատանքները եթերային են և լուսավոր: Նա շռայլորեն բացում է  իր հոգու գաղտնիքները, որտեղ թափանցիկի թովչանքը կա և հանդարտություն բերող խաղաղություն:

 

Ղարիբ Եղիազարյան. Սպիտակ քաղաքՂարիբ Եղիազարյան. Ձոն մանրանկարչությանըՂարիբ Եղիազարյան.Քաղաք

 

Այդպիսի քնարական շնչով են արված Վահան Տերյանի «Մթնշաղի անուրջները» շարքի և Միսաք Մեծարենցի քնարերգության մոտիվներով ստեղծած գործերը:

 

Ղարիբ Եղիազարյանի նոր գործերը դիտելիս զգում ես մոնումենտալ արվեստի ողջ հմայքը: Նրա «Ինքնադիմանկարը», «Հայուհի», «Մտավորականը» գործերը բացահայտում են կոլլաժային նկարչության վեհությունը և հմայքը: Կոլլաժները նրա բազմաժանր նկարչական ստեղծագործության միայն մի մասը լինելով`հարստացնում և լրացնում ենմիմյանց: Նրա «Տիեզերական սիմֆոնիա» կոլլաժը բազմիցս ցուցադրվել է արտասահմանյան տարբեր երկրների ցուցահանդեսներում և արժանացել մամուլի ու արվեստասերների բարձր գնահատականին:


Ղարիբ Եղիազարյան. ԻնքնադիմանկարՂարիբ Եղիազարյան. ՀայուհիՂարիբ Եղիազարյան. Մտավորականը

 

Նկարչի նոր գործերից է նաև «Նոյը իջնում է Արարատից» մեծածավալ թեմատիկ աշխատանքը: Նկարը դիտելիս ղգացվում է տիեզերական այն յուրահատուկ էներգիան, որը ապրեցրել և ապրեցնում է մեզ` երկրացիներիս. Նույն ղգացումն ես ապրում` դիտելով «Հիսուսի պայծառակերպությունը» յուղաներկ կոմպոզիցիան: Այս ստեղծագործությունը մաքրագործում է դիտողին, հոգևոր արժեքներին հաղորդակցվելու հնարավորություն տալիս արվեստասերներին:

 

Ղարիբ Եղիազարյանի «Հայաստան» շարքի ստեղծագործական ռիթմը անցյալի հուշերի այն ճոճքն է, որն անվերջ օրորվում է նկարիչի հոգում: Արարատյան դաշտի քնքուշ երեկոները, փշատենու հրաշալի բուրմունքը օգնել են գտնելու այն ճանապարհը, որով այսօր քայլում է նկարիչը: Նրա յուրաքնչյուր կտավից ճառագում է սեր ու լույս, պարզություն և թովչանք:

 

Ղարիբ Եղիազարյան. Հայաստան շարքիցՂարիբ Եղիազարյան. Տիեզերական սիմֆոնիաՂարիբ Եղիազարյան. Հայաստան շարքից

 

Ունենալով ժամանակի սուր և խորը զգացողություն, գեղարվեստական մշակույթի բազմակողմանի իմացություն` նկարչի որոնող հայացքը, մնայուն արժեքներ արարելու ներքին մղմամբ, այսօր էլ ստեղծագործական նոր հորիզոններ է բացահայտում:

 

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ


1950 Ծնվել է Արմավիրի շրջանի Շենավան գյուղում:
1968-1971 Ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի նկարչական բաժինը:
1973 Անհատական ցուցահանդես Գերմանիայի Էբերսվալդե քաղաքում:
1975-1994       Անհատական ցուցահանդեսներ տարբեր քաղաքներում` Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Նովոսիբիրսկում, Երևանի ժուռնալիստի տանը, Հայաստանի նկարիչների միությունում և այլուր:
1983 Արժանացել է նախկին ՀԱՄԿԽ-ի և ՍՍՀՄ կուլտուրայի մինիստրության մրցանակաբաշխության դափնեկրի կոչման:
1987-1993 Հայկական հեռուստատեսությունում պարբերաբար վարել է «Հեղինակներ ստեղծագործություններ» հաղորդաշարը.նկարիչների մասին:
1988 ՀՀ նկարիչների միության անդամ է:
1990 Արժանացել է «ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի» պատվավոր կոչման:
1992 Հիմնադրել է Երևանի Նաղաշ Հովնաթանի անվան արվեստի ակադեմիական ուսումնարանը:  

 

Հեղինակ. ԱՐՄԵՆՈՒՀԻ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Ասում են՝ Աստծուն ու բժշկին հիշում են այն ժամանակ, երբ նեղության մեջ են». Անահիտ Չիբուխչյան
«Ասում են՝ Աստծուն ու բժշկին հիշում են այն ժամանակ, երբ նեղության մեջ են». Անահիտ Չիբուխչյան

«Մեդ Պրակտիկ»-ի զրուցակիցն է Արցախյան պատերազմին մասնակցած բժիշկների մասին մի շարք գրքերի հեղինակ Անահիտ Չիբուխչյանը...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ